Կորոնավիրուսն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում: Ամենուրեք կարանտին է ու սահմանների խստացում: Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ Ֆրանսիան իր քաղաքացիներին դուրս է բերում Ուհանից: Հայրենիք վերադառնալուց հետո նրանք երկու շաբաթ կմեկուսացվեն: Հենց այդքան է տևում վիրուսի գաղտնի շրջանը: Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի ղեկավարը ոչ լավատեսական հայտարարություն է արել, ասելով, որ չնայած վիրուսի ինկուբացիոն շրջանը 1-14 օր է, վարակակիրները կարող են վիրուսն այլ մարդկանց փոխանցել նույնիսկ այդ շրջանում: Պաշտոնյան նաև խոստովանել է, որ կորոնավիրուսի բնույթի մասին քիչ բան է հայտնի, և դժվար է կանխատեսել մուտացիայի հետ կապված ռիսկերը: Վիրուսակիրների թիվը Չինաստանում մոտենում է 3 հազարին, մահացել է 80 մարդ: Կորոնավիրուսով հինգ հիվանդ է գրանցվել ԱՄՆ-ում: Հիվանդության դեպքեր կան նաև Ավստրալիայում, Վիետնամում, Նեպալում, Սինգապուրում, Թաիլանդում: Չինաստանի հետ սահմաններն են խստացրել Մոնղոլիան, Ռուսաստանը, Կորեան, Ճապոնիան: Չինաստանի կառավարությունը 300 մլն յուան (43,5 մլն դոլար) Է հատկացրել Հուբեյ նահանգում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ միջոցներով երկու հիվանդանոց կկառուցվի թոքաբորբով ախտահարվածների համար, ինչպես նաև կգնեն հատուկ բժշկական սարքավորումներ: Կորոնավիրուսի հարուցիչի հայտնաբերմամբ զբաղվող գիտնականները եզրակացրել են, որ վիրուս կրողները չղջիկներն են, բայց այն մարդկանց է փոխանցվել կոբրա օձից, որը հաճախ է սնվում է չղջիկներով, և օձի հենց այդ տեսակն էլ վաճառվել է Ուհանի շուկայում: