Մեր առջև խնդիր էր դրված առանց արյուն թափելու իրավիճակը հասցնել հանգուցալուծման: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով «Էրեբունի պլազայում» զինված տղամարդու ներխուժման դեպքին:
«Գործի հետ կապված մանրամասները նախաքննական մարմինը կներկայացնի, մեր մասով կարող եմ ասել, որ կատարել ենք մեր առջև դրված խնդիրը, անարյուն իրավիճակը հանգուցալուծվեց: Կարողացանք առանց որևէ միջադեպի, առանց որևէ տուժածի զինված տղամարդուն դուրս բերել այդտեղից»,- ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը, թե զինված տղամարդը դուրս է բերվել առանց ձեռնաշղթաների, Արման Սարգսյանը նշեց, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություն է եղել, իսկ թե ինչու է հենց ինքը բանակցել զինված տղամարդու հետ, ոստիկանության պետի պաշտոնակատարն ասաց, որ երբեմն իրավիճակից բխող գործողությունների կարիք է լինում: