ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դեմոկրատները պայքարում են հենց հանրապետականների ու հատկապես Թրամփին մոտ կանգնած նախկին պաշտոնյաների միջոցով: Այսօր նրանց թիվը համալրվել է ևս մեկով. նախագահին դեմ է դուրս եկել նրա ազգային անվտանգության հարցերով պաշտոնաթող խորհրդական Ջոն Բոլթոնը:
Իր հրատարակության պատրաստ գրքում նախկին խորհրդականը խոստովանել է, որ նախագահ Թրամփը փորձել է Ուկրաինային նախատեսված ֆինանսական օգնությունը հետաձգելով ստիպել Մինսկին հետաքննել դեմոկրատ Բայդենի և նրա որդու գործունեությունը: 2019-ի օգոստոսին Բոլթոնի հետ զրույցում Թրամփն ասել է, որ նախընտրում է 400 միլիոն դոլարի օգնությունը չուղարկել Ուկրաինա այնքան ժամանակ, քանի դեռ Կիևից տեղեկություններ չի ստացել Ուկրաինայում Ջո Բայդենի գործունեության հարցով հետաքննության արդյունքների մասին: Բայդենը համարվում է 2020-ի ընտրություններում Թրամփի ամենահավանական մրցակիցը: Դեմոկրատները պնդում են, որ Բոլթոնը ցուցմունք տա իմփիչմենթի լսումների ժամանալ, սակայն Թրամփն ու Սպիտակ տունը դեմ են նրա մասնակցությանը:
Նախագահ Թրամփն արձագանքել է իր նախկին խորհրդականի հայտարարություններին: «Ես երբեք չեմ ասել Բոլթոնին, որ Ուկրաինային նախատեսված օգնությունը կապ ունի դեմոկրատների, այդ թվում՝ Բայդենի գործունեության հետաքննության հետ: Բոլթոնը դա ասել է, որպեսզի վաճառի գիրքը»:
ԱՄՆ լրատվամիջոցները տարածել են նաև տեսագրություն, որը հաստատում է, որ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին ազատել են հենց Թրամփի հրամանով: Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հերքում էր այդ փաստը: Ուկրաինացի օլիգարխներ Պառնասն ու Ֆրումանն էլ հաստատել են, որ որոշումների կայացման հարցում մեծ դեր է խաղացել նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլյանին: