ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 5 զինվորականի գեներալ-մայորի և գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումներ շնորհելու մասին հրամանագրեր է ստորագրել:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումներ են շնորհվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Արտավազդի Մակարյանին, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Վազգենի Խաչատրյանին և Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Ջանիբեկի Փարվանյանին, իսկ գնդապետ Արթուր Սերյոժայի Բաղդասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի, գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Վազգենի Շահումյանին»,- նշված է հրամանագրերում: