Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում, շնորհավորելով Հայոց բանակի տոնի կապակցությամբ, նշել է, որ մի շարք միջոցառումներ են իրականացվել զինծառայողների սոցիալական ապահովությունը բարելավելու, բնակարանային խնդիրները լուծելու համար:
«Շատ հաճախ անտեսվում է, թե քանի դեպքեր են կանխվում մեր սպաների, զինծառայողների աշխատանքի շնորհիվ: Ցավոք, հասարակությունն արձագանքում է միայն բացասական դեպքերին»,- ասել է Բալայանը: Նա նշել է, որ այս տարվա բյուջեով զգալի գումարներ են հատկացված ոչ միայն սպառազինության ձեռքբերման, այլև զինծառայողների կարիքները բավարարելու համար: Բալայանն ընդգծել է, որ այս տարի բնակարանի գնման վկայականներով ամբողջությամբ կապահովվեն զինթոշակառուների կարիքները: