ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ Քանզաս նահանգի ազգային գվարդիայի համհարզ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ ընդգծել է Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին ԱՄՆ ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունը: Նախարարի խոսքով՝ տարիների ընթացքում Միացյալ նահանգների հետ հաստատվել է ամուր գործընկերային երկխոսություն, և Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ջանքեր գործադրել երկու ժողովուրդների միջև հարաբերություններն առավել ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շուրջ՝ ընդգծելով այդ շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը:
Որպես երկկողմ օրակարգի կարևոր բաղադրիչ՝ կողմերը մատնանշել են ապակենտրոնացված համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, որի լավագույն օրինակ է Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում 2003 թվականից Քանզաս նահանգի հետ իրականացվող համագործակցությունը։
Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել ավանդական դարձած ուղղություններով, այդ թվում՝ խաղաղապահության, ռազմական բժշկության, անձնակազմի մարտավարական պատրաստության ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԱՄՆ նշանակալի ներդրումը Հայաստանի խաղաղապահ կարողությունների ամրապնդման գործում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատվիրակության անդամներին է ներկայացրել Հայաստանում Կառավարության նախաձեռնած բարեփոխումների ընթացքը, մասնավորապես, իրավապահ ոլորտում՝ այդ համատեքստում կարևորելով ամերիկյան գործընկերների հետ շարունակական համագործակցությունը: