Սիրիան հաստատել է, որ կառավարական բանակի և նրա դաշնակիցների կողմից ռազմական գործողությունները Հալեպի և Իդլիբի նահանգներում իրականացվում են՝ ի պատասխան Սիրիայի քաղաքացիների հորդորների և ահաբեկչական խմբավորումների կողմից համակարգված սադրանքների:
Երկրի ԱԳՆ-ն հունվարի 25-ին երկու ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նախագահին՝ Հալեպի և Իդլիբի նահանգներում «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումների ու նրանց ղեկավարած զինյալների հանցանքների վերաբերյալ:
Ըստ սիրիական SANA գործակալության՝ փաստաթղթերում շեշտվում է, որ հենց ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ահաբեկչական համարվող «Հայաթ Թահրիր աշ-Շամն» ու «Ջեբհաթ ան-Նուսրան» են շարունակում ռմբակոծել Հալեպի ու Իդլիբի նահանգների բնակելի թաղամասերը, դիրքերը և սոցիալական նշանակություն ունեցող այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք՝ հիվանդանոցները, դպրոցներն ու կրոնական սրբավայրերը: Միայն անցած շաբաթվա ընթացքում նրանց անցագործությունների հետևանքով զոհվել է 23 խաղաղ բնակիչ՝ ներառյալ ծերեր ու երեխաներ, զգալի վնաս է պատճառվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին:
Սիրիայի ԱԳՆ-ն շեշտել է, որ հիշյալ ահաբեկչական խմբավորումներն անսահմանափակ ռազմական և նյութատեխնիկական օգնություն են ստանում արևմտյան երկրներից ու տարածաշրջանի նրանց օգնականներից: Տեղեկացվել է նաև, որ հիմնվելով Սիրիայի Արաբական Հանրապետության Սահմանադրության և միջազգային օրենքներով ստանձնած պարտավորությունների վրա, Սիրիայի բանակի և նրա դաշնակիցների ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև երկրի բնակչության անվտանգությանը սպառնացող ահաբեկչական խմբավորումների ամբողջական ոչնչացումը: