Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:
Միջոցառման շրջանակում Մհեր Գրիգորյանը և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը միասին մասնակցել են Հնդկաստանին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը:
Այնուհետև հանդիսավոր ընդունելության ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասել է.
«Ձերդ Գերազանցություն պարոն դեսպան,
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Հնդկաստանի կառավարությանը և բարեկամ հնդիկ ժողովրդին Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:
70 տարի առաջ Հնդկաստանի ժողովուրդը սահմանադրորեն ամրագրեց իր ազգային ազատագրական պայքարի հաղթանակի արդյունքները։ Այսօր մենք ականատես ենք Հնդկաստանի նշանակալի առաջընթացին և նվաճումներին։Հնդկաստանի դինամիկ և կայուն զարգացումը տարբեր ոլորտներում իր ներդրումն է ունենում երկրի համապարփակ առաջընթացն ապահովելու գործում։
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է պատմական խորը արմատներ ունեցող բարեկամական երկկողմ հարաբերությունները վերածել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական ջերմ ու գործընկերային հարաբերությունների:
Իհարկե, ակնհայտ է, որ դեռ շատ անելիքներ ունենք տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված ներուժն իրացնելու ուղղությամբ և կարծում եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք մեծ հաջողություններ գրանցել մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Օգտվելով առիթից՝ թույլ տվեք մեր երախտիքի խոսքը հայտնել Հնդկաստանի կառավարությանը և հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանում հարյուրամյակների պատմություն ունեցող հայ համայնքի և Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել Հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել Հնդկաստանի բարեկամ ժողովրդին բարօրություն և բարգավաճում»: