ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Երուսաղեմի հայ հոգևոր ժառանգության կենտրոն՝ Սիոն լեռան բարձունքի վրա խոյացող փառահեղ Սուրբ Հակոբեանց Մայր տաճար:
Նախագահ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել տաճարի հարևանությամբ կանգնեցված ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Սուրբ Հակոբեանց Մայր տաճարում Հանրապետության նախագահին են ներկայացվել տաճարի պատմությունը, պատմամշակութային արժեքները: Նշվել է, որ հատկապես առանձնահատուկ նշանակություն ունի Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց վանքի ձեռագրատունը, որտեղ շուրջ երեք հազար ձեռագիր մատյան է պահվում։ Դա Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանից հետո երկրորդ ամենամեծ հավաքածուն է։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում նախագահ Սարգսյանը հանդիպել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:
Հանրապետության Նախագահը և Ամենապատիվ պատրիարքը զրուցել են ազգային-եկեղեցական հարցերի, Երուսաղեմի Հայոց պատրիարքության գործունեության մասին:
Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է սուրբ հողում բազմադարյա պատմություն և հարուստ ավանդույթ ունեցող Երուսաղեմի նվիրապետական Աթոռի գործունեությունը հայոց հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու և այն գալիք սերունդներին փոխանցելու գործում:
Այնուհետև տեղի է ունեցել ընդունելություն ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի, որին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Երուսաղեմի կրոնական տարբեր համայնքների ղեկավարներ:
Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ Ձեր ներկայությունն այս փառավոր և նվիրական աթոռում: Մեր ոգևորությունը մեծ է Ձեր պատվաբեր այցելությամբ: Մաղթում ենք, որ մեր պետության կապերն ավելի զորանան մեր Սուրբ աթոռի հետ, որովհետև բազմահազար օտար այցելուներ առաջին անգամ այս պատրիարքարանում են լսում հայի անունը, ծանոթանում հայության և մեր հոգևոր-մշակութային արժեքների հետ»:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ է կրկին այցելել Սուրբ Հակոբեանց եկեղեցի և աղոթել։ «Աղոթել մեր երկու հայրենիքների՝ Հայաստանի և Արցախի, նրանց ամրության և մեր աշխարհասփյուռ հայրենակիցների, իմ ընտանիքի համար,-ասել է նախագահը։ -Մենք փոքր պետություն ենք, բայց՝ մեծ ազգ: Մեծ ենք ոչ միայն մեր թվով, այլ նաև մեր պատմությամբ, համաշխարհային մշակույթի մեջ ունեցած մեր ներդրումով։ Աշխարհի տարբեր կենտրոններ այցելելիս միշտ գտնում ես մեր հայ մեծության ապացույցները՝ լինի դա Իտալիայում, Վենետիկում, թե Փարիզում, Լոնդոնում, Միացյալ Նահանգներում, Միջին Արևելքում։ Սակայն Երուսաղեմն առանձանահատուկ է նախ և առաջ իր յուրօրինակ և տարբերվող պատմությամբ։
Աշխարհի տարբեր վայրերից մարդիկ այցելելով Երուսաղեմ՝ ծանոթանում են նաև մեր ժողովրդի պատմության, կրոնի և մեր մշակույթի հետ։ Երուսաղեմը կարծես թե տարածքային և ժամանակային դարպաս է դեպի Հայաստան, որովհետև ծանոթանալով մեր մշակույթին, մեր եկեղեցուն Երուսաղեմում, բնականաբար, հաջորդ քայլն է՝ այցելել Հայաստան, ճանաչել մեր ժողովրդին կամ այն երկրներում, որտեղից իրենք եկել են, գտնել հայերի։ Եթե Պորտուգալիայից են՝ անպայման գտնեն այն հսկայական ներդրումը, որ Գալուստ Գյուլբենկյանը բերել է այդ երկրին և այդ երկրի մշակույթին՝ հիմնելով իր հիմնադրամը և թանգարանը, որը յուրօրինակ է և միակը Պորտուգալիայում, մի ընտանիքի, որն իր հետքն է թողել նաև այստեղ՝ Երուսաղեմում։
Հայությունը, լինելով աշխարհասփյուռ, նաև աշխարհակենտրոն մշակույթ ունի, և այդ համատեքստում, Երուսաղեմն առանձին նշանակություն ունի։ Կարծում եմ, մենք պետք է համատեղ աշխատենք, որ կարողանանք ներկայացնել մեր ազգը, պատմությունը և հատկապես մեր մշակույթը: Դուք այնքան բան ունեք ցույց տալու աշխարհին:
Վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի նախագահն իր ուշադրության կենտրոնում են պահելու այն փոքր, բայց կարևոր համայնքը, որ կա այստեղ։ Հնարավորության սահմաններում կաջակցենք, որ մեր ներկայությունը Երուսաղեմում լինի ավելի ամուր: Այն արժեքները, որ մենք կերտել ենք Երուսաղեմում բացարձակ են և ոչ միայն մերն են, այլ համաշխարհային մշակույթինը»։
Հայաստանի նախագահն իսրայելահայերին կոչ է արել որքան հնարավոր է հաճախ այցելել Հայաստան: