Հունվարի 25-ի երեկոյան Իսրայելի «Կախոլ Լավան» կուսակցության նախագահ և վարչապետ Բենիամին Նեթանահուի հիմնական մրցակից Բենի Գանցը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված ԱՄՆ կատարելիք ուղևորության հետ:
Գանցը հայտարարել է, որ չի՛ միանա Իսրայելի վարչապետ Նեթանյահուին՝ Վաշինգթոն կատարելիք ուղևորության ընթացքում: Եվ չնայած նրան, որ համաձայն է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու՝ Սպիտակ տան ծրագիրը Վաշինգթոնում քննարկելու՝ Թրամփի առաջարկին, այնուամենայնիվ, մտադիր է Իսրայելի վարչապետից առանձին մեկնել:
«Հանդիպումից անմիջապես հետո ես կվերադառնամ Իսրայել՝ Նեթանյահուին անձեռնմխելիությունից զրկելու պայքարը շարունակելու համար»,- հավելել է Գանցը, որի խոսքը հեռարձակվեց նաև Ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա հիմնական մրցակից Բենի Գանցի հետ հունվարի 27-ին Սպիտակ տանը հանդիպելու իր մտադրության մասին: Փոխանցվում էր, որ Թրամփը պատրաստվում է երկու գործիչների հետ միասին քննարկել Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու՝ վարչակարգի մշակած պլանը, որը մեդիայում հայտնի է «Դարի գործարք» անունով և որի առնչությամբ ԶԼՄ-ներում հաճախ են հակասական տեղեկություններ հայտնվում: