Միացյալ Նահանգները կարող են արագ և ճակատագրական հարված հասցնել Իրանին` օգտագործելով հինգերորդ սերնդի F-22 Raptor, F-35 Lightning II կործանիչները, ինչպես նաև B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչները: Այս մասին Breaking Defence-ում գրել է ամերիկյան գեներալ-լեյտենանտ Դեյվիդ Դեպտուլան:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիացիոն հետախուզության շտաբի հրամանատարի նախկին տեղակալն այս ինքնաթիռների գործածումը համարել է ասիմետրիկ արձագանքման մեթոդ, որը պատերազմի դեպքում թույլ կտա խուսափել խոցելի լինելուց:
Ամերիկյան կործանիչներն ու ռմբակոծիչներն, ըստ գեներալ-լեյտենանտի, կկարողանան արագորեն ոչնչացնել Իրանի առանցքային ենթակառուցվածքները, հետևաբար, Իրանը չի կարող ԱՄՆ-ի հետ անմիջական պատերազմում հաղթանակ տանել:
Միևնույն ժամանակ գեներալ-լեյտենանտը գլխավոր սպառնալիք է համարել իրանական բալիստիկ և թևավոր հրթիռները, անօդաչու սարքերը, մարտական ինքնաթիռներն ու կիբեր գործողությունները: Զինվորականը նշել է նաև Իրանի հակաօդային պաշտպանության առկա համակարգերը:
«Ժամանակակից օդատիեզերական հզորության վրա հիմնված մահացու զենքերի ճիշտ գործածումն ու հավելյալ հարձակողական կիբեր գործողությունները կարող են հանգեցնել Իրանի տնտեսության փլուզմանը, նրա ռազմական ուժերի տապալմանը, միջուկային ծրագրերի թուլացմանը և տարածաշրջանային ազդեցության զսպմանը»,- եզրափակել է Դեպտուլան: