TBS բանկի հիմնադիր Մամուկա Խազարաձեի «Լելո՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը Վրաստանի անկախ պատմության մեջ առաջին անգամ կներկայացնի իր ստվերային կառավարության կազմը: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է կուսակցության առաջնորդը:
Անցյալ տարվա դեկտեմբերին հիմնված կուսակցության անդամները հիմնականում գործարար շրջանակներից են և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդ որում, ինչպես վկայում է վրացական մամուլը, կուսակցությունը արագ տեմպերով աճում է:
«Ակնկալիքները մեծ են, և ես հավաստիացնում եմ, որ մենք դրանք արդարացնելու ենք: Սա մի կուսակցություն է, որը միայն իշխանության համար չի պայքարում: Մենք մարդիկ ենք, ովքեր կարող են փոխել բարդ իրավիճակը: Գարնանը կներկայացնենք մեր ստվերային կաբինետը, և ընտրողներն ընտրություններից մի քանի ամիս առաջ կիմանան նաև կուսակցության ծրագրի մասին»,- ասել է Խազարաձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այս տարվա հոկտեմբերին: Արդեն հայտնի է, որ «Լելոն» ընտրություններին կմասնակցի «Կառուցման շարժում» և «Նոր աջեր» կուսակցությունների հետ դաշինքով:
Նշենք նաև, որ Խազարաձեն որոշեց մեծ քաղաքականություն մտնել այն բանից հետո, երբ նրա և իր գործընկեր Բադրի Ջափափարիձեի դեմ քրեական գործ հարուցվեց: Նրանք մեղադրվում են TBC Bank-ի միջոցով 17 միլիոն դոլար փող լվանալու մեջ: Գործարարները հայտարարել են, որ սա ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից վարվող հետապնդում: