Հատուկ քննչական ծառայության 2019 թ. գործունեության ընթացքում վերականգնված գումարը կազմել է 4 մլրդ 331.9 մլն դրամ՝ նշել է վարչապետ Փաշինյանը և հայտնել է, որ միայն նախորդ տարվա վերականգնված գումարը 7 անգամ ավել է, քան նախորդ 11 տարիների ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած, որը կազմել է 597.6 մլն դրամ:
«Ընդ որում, սա միայն կանխիկ գումարով պետության բյուջե վերադարձված գումարի չափն է. դրանից բազմակի անգամ ավել չափով կալանք է դրվել մեղադրյալներին իրավաբանորեն և փաստացի պատկանող շարժական և անշարժ գույքերի, ինչպես նաև հանցագործության առարկա հանդիսացած ակտիվների վրա, որոնք կտնօրինվեն դատական ակտերով: Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը դարձել է պետական, այն աճուրդի է դրվել 7,5 մլրդ դրամ մեկնարկային արժեքով»,- ասել Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է տարվա աղմկահարույց բացահայտման՝ օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքերի մասին:
Փաշինյանը նշել է, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ երկու քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են Հայաստանի քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումներ օտարերկրյա քաղաքացիների կողմից: