Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արձագանքել է նախարարության տարբերանշանի նոր տարբերակի վերաբերյալ համացանցում տարածվող քննարկումներին:
«Երեկ շատ քննարկվեց այս թեման։ Ես գիտեմ, որ բոլորս միաժամանակ մասնագետ ենք տիեզերքից մինչև բալետ ու ֆուտբոլ։ Բայց խնդրում եմ՝ մինչև վերջ կարդալ. սա ՀՀ զինված ուժերի զինանշանը չէ, այլ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակ։ Եթե մի կողմ թողնենք մեր անձնական կարծիքները, ապա այստեղ կարևոր է մի քանի հանգամանք»,- արձագանքում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Խոսելով հանգամանքների մասին` նա շեշտել է, որ սա նախագիծ է, պաշտոնական չէ, վերջնական չէ։ «Ոչ այս նկարում, ոչ երեկվա շրջանառված նկարում գծերի համաչափությունը կարող է պահպանված չլինել, քանի որ այն վեկտորային ֆայլը չէ։ Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական։ Կարող է դառնալ»,- ընդգծել է Հովհաննիսյանը: