Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի ներկայիս իրավիճակին, նախատեսվող ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցման համակարգին, նշել է, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան այժմ չունենք: Նա նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը նախատեսում է, որ Սահմանադրական դատարանի նախագահին պետք է ընտրի Սահմանադրական դատարանն իր կազմից, բայց այսօր մենք ունենք Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ: Վարչապետն ընդգծել է, որ Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի նախագահը, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնեական կեղծիքի արդյունքում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պաշտոնեական կեղծիքի արդյունքում օկուպացվել է Սահմանադրական դատարանը մի անձի, մի խմբի կողմից, և այդ խումբը Հայաստանի նախկին կոռումպացված իշխանությունն է: «Ձեր կարծիքով՝ մենք անտարբեր, ուղղակի դիտորդի կարգավիճակով պետք է հետևե՞նք այս ամենին»,- ասել է Փաշինյանը: Նա կոչ է արել Սահմանադրական դատարան անդամներին՝ չդառնալ հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող արտաքին և ներքին ուժերի ֆորպոստ: