Եթե մեկնաբանենք ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ պետական հեղաշրջման փորձի մասին հայտարարությունները, ապա դա կարող ենք մեկնաբանել որպես հիբրիդային հեղաշրջման նախապատրաստություն, որը լիարժեք պարտված է և ջախջախված: Այդ մասին Կապանում ընթացող մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այդ հեղաշրջման ողնաշարը ջարդել ենք, և նման բան այլևս չի կարող տեղի ունենալ, դուք գիտեք այդ մարդկանց հետ ինչ է կատարվում»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ հիբրիդային հեղաշրջման անբաժանելի մասն այն է, որ մարդիկ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսում երկրի ղեկավարի, նրա ընտանիքի մասին սուտ տեղեկություններ տարածելու համար, և դա արվում է՝ ներգրավվելով քրեական աշխարը, տարբեր ուժեր, օլիգարխներին: Ն.Փաշինյանը նշեց, որ այդ գործընթացին ներգրավվում են նաև գործող պաշտոնյաներ, դատական իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի, որոնք գործում են իշխանության ներսում իշխանության դեմ:
«Ուրախ եմ արձանագրել, որ ՍԴ անդամների 80 տոկոսն այդ պրոցեսի մեջ չի ներգրավվել, չասեք անուններ տվեք, քանի որ ես տվեցի անուններ, սակայն թույլ տվեք ազատեմ ինձ կոնկրետ անուն-ազգանուն տալու տհաճությունից»,- ընդգծեց վարչապետը:
Փաշինյանը շարունակեց. «Արդյոք Հայաստանի ազգային անվտանգության մարմինները զբաղվում են այս ամենով, այո, զբաղվում են և շարունակելու են զբաղվել: Երբ ապացույցները լինեն բավարար, մարդիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության: Նպատակն այն չէ, որ այդ մարդկանց դատեն, այլ որպեսզի անվտանգության սպառնալիքները չեզոքացվեն»,- ասաց կառավարության ղեկավարը:
Նա վստահեցրեց, որ հանրության 90 տոկոսն այդ վտանգը չի տեսել և չի նկատել: «Անվտանգության մարինները իքս պահից սկսած գործել են շատ արդյունավետ, և ես գնահատանքի խոսքեր եմ ուզում ասել ԱԱԾ-ին, ոստիկանությանը և մյուս անվտանգության մարմիններին»,- նշեց նա: