Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ընթացող իր վեցերորդ ասուլիսը սկսել է 100 փաստ ներկայացնելով: Վարչապետի ներկայացրած առաջին փաստը վերաբերել է պետական բյուջեի հարկային եկամուտների 505.4 միլիարդ դրամով ավելացմանը:
«Երկու տարվա ընթացքում՝ 2018 և 2019 թվականներին, Կառավարությանը հաջողել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 մլրդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները։ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 մլրդ դրամ, 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմել է 76.6 մլրդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները: Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում Կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505.4 մլրդ դրամի մնացած 305.4 մլրդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը: ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է: Այսպիսով, 2018-2019 թթ. արդյունքներով, տոկոսային արտահայտությամբ, պետական եկամուտների աճը 2017 թ. համեմատ կազմել է 43.6%»,- ասել է վարչապետը: