Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 25-ին, Կապանում իր վեցերորդ ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ 2019-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.459.152, կամ աճը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 14.4%։ 2019 թ. հունվար-սեպտեմբերին, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը Ռուսաստանի Դաշնությունից ավելացել է 76.2%-ով, Գերմանիայից՝ 2.2 անգամ, Ֆրանսիայից՝ 2.3 անգամ, Իտալիայից` 62.8%-ով, Նիդեռլանդներից՝ 98.6%-ով, Իրանից՝ 13.3%-ով, Վրաստանից` 11.7%-ով, Կանադայից՝ 43.8%-ով, Ուկրաինայից՝ 31.7%-ով։ 2019-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջային այցելություններն աճել են 45.7%-ով:
2019-ին Հայաստան է ժամանել 4 մլն 319 հազար 618 մարդ: 2018-ին Հայաստան է ժամանել 3 մլն 757 հազար 187 մարդ: 2017-ին Հայաստան է ժամանել 3 մլն 398 հազար 137 մարդ: 2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 921 հազար 475-ով կամ 27.1%-ով ավել մարդ: 2019-ի արդյունքներով Հայաստան ժամանողների թիվը 10.506-ով ավելի է մեկնողների թվից:
Մի շարք հեղինակավոր կազմակերպություններ և պարբերականներ Հայաստանը և Երևանը ներառել են զբոսաշրջության համար նախընտրելի ուղղությունների թվում: 2020-ի ոչ հայտնի զբոսաշրջային այցելությունների լավագույն տասնյակում Հայաստանն ընդգրկել են բրիտանական The Telegraph, Financial Times պարբերականները, ամերիկյան Forbes պարբերականը։ Booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020 թ. աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ տասնյակում: Ըստ Condé Nast Traveler ամսագրի՝ ՀՀ-ն ընդգրկվել է ճանապարհորդության 2020-ի թոփ 20 ուղղությունների մեջ: