Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ, անդրադառնալով լրագրողի հարցին, թե վարչապետն իր ելույթներից մեկում երբ ասել է, որ ՀՅԴ-ն վերաիմաստավորվելու կարիք ունի, արդյո՞ք միայն Հայաստանում գործունեություն ծավալող դաշնակցականներին նկատի ուներ, ասել է, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե կա հակադրություն Հայաստանի կառավարության և Դաշնակցության միջև, բայց, կարծում է՝ իրականությունն այն է, որ այդպիսի հակադրություն չկա: Վարչապետի խոսքով՝ եթե կա հակադրություն, ապա կառավարության կամ ԿԳՄՍ նախարարության ու դաշնակցության այն հատվածի միջև, որոնք նախկին իշխանությունների, նախկին կոռումպացված համակարգի հետ ունեցել են որոշակի առնչություններ: Փաշինյանը նշել է, որ ընդհանուր առմամբ ամբողջ Դաշնակցությանը այդ գործընթացում նույն չափով չափել չի կարելի, և ՀՅԴ-ն ու Կառավարությունը համազգային հարցերի շուրջ շատ մեծ պոտենցիալ և պատրաստակամություն ունեն: