Չի լինում մի օր, որ Սիրիայի հյուսիսային Իդլիբում զինված նոր բախումների մասին որևէ լուր չլինի, խաղաղ բնակչության շրջանում զոհերի կամ վիրավորների մասին ողբերբական տեսագրություն չհայտնվի: «Ինչո՞ւ Իդլիբում չի պահպանվում հրադարարը» խորագրով հոդված է հրապարակել թուրքական Milliyet պարբերականը: Չնայած Մոսկվայում երեք շաբաթ առաջ ձեռք բերված հրադադարի համաձայնագրին, այս ամենը տեղի է ունենում Իդլիբում: Հոդվածագրի հավաստմամբ՝ անկախ պայմանավորվածության ու երկու երկրների ղեկավարների հորդորներին, Ասադի կառավարական օդային ու ցամաքային ուժերը շարունակում են հարձակումները:
Մոսկվայում ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը բոլոր կողմերին ազատ շնչելու հույս էր տվել, որը դիվանագետներին թույլ կտար Ժնևում նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Սակայն, ավաղ, համաձայնագիրը հենց սկզբից հուսախաբ արեց:
Առաջին պետությունը, որը կարող է և պետք է համոզի Ասադի վարչակազմին դադարեցնել ռմբակոծությունները Սիրիայում, արաբական երկրի համակիր դաշնակից Ռուսաստանն է: Այսքան ժամանակ համարվում էր, որ Ասադը չի կարող ընդդիմանալ այն ամենին, ինչ ասում է Պուտինը: Սակայն վերջին իրադարձությունների ֆոնին, այլ պատկեր է ստեղծվում: Կա՛մ Ասադը չի ենթարկվում Պուտինին ու ինքնուրույն է գործում, կա՛մ էլ Պուտինը վճռականորեն չի կանգնեցնում Ասադին, ճնշում չի գործադրում և, հավանաբար, նրա հետ իրականացնում է «կեղծ պայքարի» քաղաքականություն:
Պարբերականը նշում է, որ այս պարագայում ավելի հավանական է երկրորդ տարբերակը: Ո՞րն է նպատակը: Հոդվածագիրը գրում է, որ այն, ինչ տեսնում ենք Իդլիբի ճակատում, ցույց է տալիս մի ռազմավարություն, որն Ասադը փորձում է կյանքի կոչել Պուտինի հավանությամբ ու օգնությամբ: Ջիհադական տարբեր խմբավորումների վերահսկողության տակ գտնվող Իդլիբը, որտեղից էլ սկսվել էր Դամասկոսի դեմ պատերազմը, անհրաժեշտ է մաքրել այդ տարրերից ու իրենց գերակայությունը հաստատել շրջանում:
Վերջին ամիսներին Ասադի զինված ուժերը որոշ դժվարություններով աստիճանաբար իրենց վերահսկողության տակ են վերցնում նահանգի որոշ շրջաններ: Այս գործողությունները շարունակելու ցանկության պատճառներից մեկը մարտադաշտում «փաստացի» իրավիճակ ստեղծելու ձգտումն ու ժնևյան խաղաղ համաժողովին «ամուր դիրքերով» գնալն է: Սա ռազմավարություն է, որն աջակցում է նաև Ռուսաստանը:
Վերջին բախումներին ու իրադարձություններին՝ Մոսկվայի դիրքորոշումը Թուրքիայում հիասթափություն են առաջացրել: Այս մասին իրենց մտահոգությունները բացահայտ ներկայացրել են Թուրքիայի իշխանությունները:
Այս պարագայում առավել կարևոր գործոնն այն է, որ չնայած Իդլիբի հարցում Մոսկվայի հետ տարբեր, և նույնիսկ հակառակ դիրքորոշումներին, Անկարան վճռական է Ռուսաստանի հետ «ռազմավարական հարաբերությունները» պահպանելու հարցում: Սա նշանակում է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջնահերթությունը տալիս է իր շահերին:
Հոդվածագիրը վստահ է՝ եթե Պուտինը իդլիբյան ողբերգությանը վերջ դնելու հարցում քայլ անի, ապա դա կհանդարտեցնի թե՛ թուրքական դիվանագիտությանը և թե՛ հասարակությանը: