Տասնյակ հազարավոր ամերիկացիներ են երկրի տարբեր անկյուններից ուղևորվել Վաշինգտոն՝ մասնակցելու «Մարշ՝ հանուն կյանքի» ամենամյա քայլերթին, որ հղիության ընդհատմանը դեմ եղող ամերիկացիների գլխավոր իրադարձությունն է: Ընդ որում, ամերիկյան այս շարժման պատմության մեջ առաջին անգամ ներկաներին է դիմել երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել պատմության մեջ առաջին նախագահը, որը մասնակցում է այս քայլերթին: Չծնված երեխաները երբևէ Սպիտակ տանն ավելի ուժեղ պաշտպան չեն ունեցել... Յուրաքանչյուր կյանք սեր է բերում այս աշխարհ, յուրաքանչյուր երեխա ուրախություն է բերում ընտանիքին: Բոլորն են արժանի պաշտպանության»,- FP-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահը:
Ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփի համար այս իրադարձությունը, հատկապես Սենատում ընթացող իմփիչմենթի դատավարության համատեքստում, նախընտրական քարոզչության կարևոր հարթակ դարձավ: Միջոցառման հիմնական ատրիբուտներից են դարձել նրա պատկերները, որ ամենուր են եղել՝ պաստառների, դրոշների, շապիկների, կրծքանշանների և այլ հուշանվերների վրա: Ըստ լրատվամիջոցների՝ դրանք ակտիվորեն են վաճառվել երթի ընթացքում: