Կապանում ընթացող ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի փաստեր է թվարկել՝ կապված գյուղատնտեսության ոլորտում գրանցված հաջողությունների, արդյունքների ու նախագծերի հետ: Վարչապետը խոսել է «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի մասին, որը հնարավորություն է ընձեռելու գյուղատնտեսներին կառուցել ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխանող նոր ջերմատներ, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսություններն անցնելու են ցածրարժեքից դեպի բարձրարժեք գյուղատնտեսության: Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել ջերմատների կառուցման ծախսերի շուրջ 1/3-ը, իսկ սահմանապահ գյուղերի բնակիչներին և զինհաշմանդամություն ունեցող անձանց համար՝ ծախսերի կեսը:
Վարչապետը նշել է, որ նախորդ տարվա 11 ամիսների տվյալներով «Գյուղատնտեսության ոլորտի տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով տրամադրվել է շուրջ 8000 միավոր վարկ՝ 32 մլրդ դրամի չափով: Ծրագրով տրվում են 3-15 մլն դրամ վարկեր՝ սահմանապահ բնակավայրերին` 0%-ով, գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3%-ով, այլ տնտեսվարողներին` 5%-ով:
Վարչապետը խոսել է 2019-ին մեկնարկած «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման պետական աջակցության» ծրագրի մասին և նշել է, որ դրա շրջանականերում տրամադրվել է հավաստագիր 104 քաղաքացու և կնքվել է փոխհատուցման 12 պայմանագիր: Ծրագրով պետությունը վերադարձնում է անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման համար արված ծախսերի 50%-ը, իսկ սահմանապահ գյուղերում և հաշմանդամություն ձեռք բերած զինվորականների պարագայում՝ 70%-ը:
«Մեկնարկել է 2019-2024 թթ. տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 304 գլուխ կենդանի՝ 391.0 մլն դրամ արժեքով, սուբսիդավորման գումարը կազմել է 9.0 մլն դրամ։ Մեկնարկել է 2019-2023 թթ. ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը. ձեռք է բերվել 203 գլուխ կենդանի, տրամադրվել է 78.9 մլն դրամ արժեքով 1 միավոր վարկ։ Այս ծրագրող վարկերը տրվում են 2%-ով, սահմանապահ գյուղերի բնակիչներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին` 0%-ով»,- ասել է վարչապետը:
210 շահառուի տրամադրվել է 357 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում՝ 157 տրակտոր, 4 կոմբայն, լիզինգի գումարը կազմել է 1.7 մլրդ դրամ, սուբսիդավորման գումարը՝ 129.5 մլն դրամ։
Փաշինյանը խոսել է նաև մի շարք գյուղմթերքների արտահանման աճի մասին:
«Խնձոր՝ աճը 3240 տ կամ 32%, կեռաս՝ աճը 1440 տ կամ 35%. արքայանարինջ՝ աճը 2000 տ կամ 96%, թութ, թուզ, հաղարջ, մոշ՝ աճը 700 տ կամ 86%. ելակ, ազնվամորի՝ աճը 725 տ կամ 172%. բալ, հոն՝ աճը 150 տ կամ 27%. լոլիկ՝ աճը 4300 տ կամ 23%. վարունգ՝ աճը 6600 տ կամ 266%. ծաղկակաղամբ, բրոկոլի՝ աճը 1500 տ կամ 45%. բողկ՝ աճը 730 տ կամ 58%. սունկ՝ աճը 840 տ կամ 148%. պղպեղ՝ աճը 280 տ կամ 47%. սմբուկ՝ աճը 600 տ կամ 657%. ձմերուկ, սեխ՝ աճը 225 տ կամ 50%»,- թվարկել է վարչապետը:
«Ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն: Տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի հսկայական գումարներ վճարել ինքնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար և այլուր կենդանիներ տեղափոխելու համար: Վստահաբար կարելի է պնդել, որ կենդանիների արտահանման ծավալները կտրուկ կավելանան, ինչն էլ կխթանի անասնաբուծության զարգացումը»,- ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով 2019 թ. սեպտեմբերի 30-ից Հայաստանում ներդրված գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրին՝ վարչապետը նշել է, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք, նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար։ Վարչապետի խոսքով՝ գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։