Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների ղեկավար անձնակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին։
Արման Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Գարիկ Ղուկասյանին կատարած աշխատանքի համար։
Խոսելով Արմեն Գասպարյանի մասին՝ ոստիկանության պետի պաշտոնակատարը նշել է, որ նա երկար տարիներ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, իսկ նշանակվելուց առաջ ոստիկանության Տավուշի մարզային վաչության պետն էր։
Արման Սարգսյանը ներկայացրել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով նորանշանակ տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանին, որը մինչ այդ պարեկապահակետային ծառայության գնդի հրամատարն էր։
Ներկայացվել են նաև Երևանի տարածքային բաժինների նորանշանակ պետերը։
Արման Սարգսյանի խոսքով՝ նրանք իրենց պրոֆեսիոնալիզմով, գիտելիքներով ու սրտացավ ծառայությամբ լավ օրինակ կլինեն առավել երիտասարդ կադրերի համար, ովքեր ապագայում իրենց օրինակով կհամոզվեն, որ առաջխաղացման միակ գրավականը մասնագիտական գիտելիքների կատարելագործումն ու ծառայության նկատմամբ սրտացավ վերաբերմունքն է։
Ոստիկանության պետի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ թարմացված ղեկավար կազմով Երևան քաղաքի վարչության ու ենթակա տարածքային բաժինների ծառայողները կիրականացնեն առավել սրտացավ ու արդյունավետ ծառայություն։
Նույն օրը Արման Սարգսյանը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատար, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Առաքելյանին։ Նա երկար տարիներ ծառայել է այս ստորաբաժանումում՝ զբաղեցնելով գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալի պաշտոնը։
Ստորաբաժանման նախկին ղեկավար Արթուր Խունդինյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին համախմբված ծառայության համար։
Անդրանիկ Առաքելյանն էլ վստահեցրել է, որ գունդը պատրաստված է և ունակ կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր։
Արման Սարգսյանը, խոսելով գնդի ծառայության մասին, խստության հետ մեկտեղ կարևորել է քաղաքացիների հետ շփումներում ընդգծված կոռեկտությունն ու հարգանքը։ Խոսվել է նաև ծառայողների կարգապահության, արտաքին տեսքի և կրթվածության մակարդակի բարձրացման և այլ առաջնահերթությունների մասին։