Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ընթացող իր վեցերորդ ասուլիսը սկսել է 100 փաստ ներկայացնելով: Վարչապետը նշել է, որ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ ավելացում: Փաշինյանը նաև նշել է, որ 2020-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր:
«2020 թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թ. փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով, 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ՝ 90%-ով, 2019-ի բյուջեի համեմատ՝ ավելի քան 30%-ով: 2020 թ. պետական բյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ ավելացում՝ հասցնելով ՀՆԱ-ի 4.1% մակարդակի՝ 2018 թ. 2.5-ի և 2019-ի 3.3-ի փոխարեն: 2020 թ. ընդհանուր առմամբ նախատեսված է 287.7 մլրդ դրամի կապիտալ ծախս: 2020-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր: Արտաքին աղբյուրներից ներգրավվելու են բացառապես այնպիսի վարկեր, որոնք օգտագործվելու են կոնկրետ նպատակային ծրագրերի համար, և դրանք քննարկվելու և վավերացվելու են Ազգային ժողովի կողմից»,- ասել է վարչապետը: