Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ 2020 թվականին տնտեսական հարաբերություններին ուղղվող բյուջետային ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 51%-ով, 2018-ի համեմատ՝ 74%-ով, 2019-ի համեմատ՝ 47%-ով և կազմել 195.4 մլրդ դրամ (տնտեսական հարաբերություններ ասելով պետք է նկատի ունենալ տնտեսությանն առնչվող գրեթե բոլոր ճյուղերը՝ գյուղատնտեսությունից, ոռոգումից, տրանսպորտից մինչև տնտեսական մրցակցության պաշտպանություն): Բնակարանային շինարարությանն ուղղվող ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 82%-ով, 2018-ի համեմատ՝ 2 անգամ (96%-ով), 2019-ի համեմատ` 27%-ով, և կազմում է 22.9 մլրդ դրամ:
Վարչապետը նաև ընդգծել է, որ 2020 թ. բյուջեով ճանապարհաշինությանն ուղղվող ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 64%-ով, 2018-ի համեմատ` 104%-ով, 2019-ի համեմատ` 91%-ով` կազմելով 110.2 մլրդ դրամ: Ի թիվս ճանապարհների կառուցման և բարեկարգման համար նախատեսվող միջոցների՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի շարունակման համար 2020-ին նախատեսվում է հատկացնել 25.9 մլրդ դրամ՝ 2.4 անգամ ավել, քան 2019-ին, 66%-ով ավելի, քան 2018-ին և 22%-ով ավելի, քան 2017-ին: Գյումրու քաղաքային ճանապարհների վերականգնման համար 2020-ին հատկացվելու է 9.4 մլրդ դրամ՝ գրեթե 3 անգամ ավելի, քան 2019-ին: