Պաշտոնավարումից ի վեր վեցերորդ ասուլիսը վարչապետ Փաշինյանը հրավիրել է Հայաստանի հարավում՝ Կապանում: Ասուլիսն ավանդաբար մեկնարկել է 100 փաստերի թվարկմամբ: Փաստերի մեջ գերակշռում են նախորդ տարին ամփոփող տնտեսական ցուցանիշներն ու համեմատականները: Վարչապետը նշել է, որ 2019 թ. հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6%-ով, 2017-ի համեմատ 635 միլիոն դոլարով կամ 41%-ով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453.8 մլն դոլար, ինչը 68.7 մլն դոլարով կամ 17.8%-ով ավելի է, քան 2018-ի ցուցանիշը:
Վարչապետի խոսքով՝ 2019 թ. ընթացքում գերակա ոլորտներում Կառավարության որոշումների արդյունքում հաստատվել են 57 ներդրումային ծրագրեր՝ 212 մլրդ դրամ ընդհանուր ներդրումային արժեքով: Հավանության արժանացած ներդրումային ծրագրերով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի 3320 աշխատատեղ: 2018-ին հաստատվել է 43 ծրագիր՝ մոտ 195 մլրդ դրամ ներդրումային արժեքով և 3283 ակնկալվող աշխատատեղով: Ընդհանուր ներդրումային արժեքի աճը կազմել է գրեթե 10%:
2019 թ. վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստների մակարդակը կազմել է 2 մլրդ 849 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2018 թ. վերջի նկատմամբ ավել է 590 մլն դոլարով կամ 26%-ով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 535 մլրդ դոլարով կամ 23%-ով: 2019-ի ընթացքում ԿԲ-ն գնել է 565 մլն դոլար և վաճառք չի իրականացրել: Վարչապետը նշել է, որ սա բացառիկ ցուցանիշ է Երրորդ հանրապետության պատմության մեջ, որն ապահովում է Հայաստանի ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը:
Վարչապետը խոսել է նաև եվրապարտատոմսերի թողարկման մասին ու նշել, որ տեղի է ունեցել եվրապարտատոմսերի 3-րդ թողարկումը՝ 500 մլն ԱՄՆ դոլար ծավալով և 10 տարի մարման ժամկետով: Նոր թողարկման պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95% է՝ հետգնված պարտատոմսերի 6%-ի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը: Փաշինյանը նշել է, որ միայն այս գործողության արդյունքում Հայաստանը արտաքին պարտքի սպասարկման ընթացքում տարեկան կխնայի շուրջ 10 մլն դոլար: