ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն է ընթանում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը:
Նա նշեց, որ իրենք միջնորդել են տեսաձայնագրել խուզարկության ընթացքը՝ խուսափելու հետագա հնարավոր տարընթերցումներից, սակայն քննիչն, ըստ նրա, բանավոր, հայեցողական մոտեցմամբ մերժել է միջնորդությունը: Պողոսյանը նաև հայտնեց, որ միաժամանակ քննիչը, իր նախընտրությամբ խախտելով Թովմասյանի անձնական գաղտնիությունը, լուսանկարներ է արել բնակարանում:
Պողոսյանի խոսքով՝ ՀՔԾ-ն փնտրում է աղաղակող բան, որ հանրությանը մատուցի այս պրոցեսի իրական լինելը, սակայն մինչև այս պահը որևէ բան չի հայտնաբերվել: Նա հայտարարեց, որ Հ.Թովմասյանը չի ծանոթացել դատարանի որոշմանը, իսկ ինքը ծանոթացել է մասամբ:
Պաշտպանը նշեց, որ դատարանի որոշումը կբողոքարկեն պատճենն ունենալուց հետո, իսկ խուզարկությունը դեռ շարունակվում է, և հայտնի չէ՝ ինչքան կտևի: