Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 24-ին մասնակցել է «Հորիզոն 2020» «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» ծրագրի գիտաժողովի մեկնարկին:
Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում ասել է, որ գիտելիքը ուժ է: Ուժեղ, աշխարհում լսելի ձայն ունեցող և իր ժողովրդի բարեկեցությունը ու երջանկությունն ապահովող երկրի մենք կարող ենք հասնել միայն կրթության և գիտության անսահմանափակ ներուժը կյանքի կոչելով:
Կարևոր է, որ այսուհետ լավագույնս օգտագործենք Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրի ընձեռած մեծ հնարավորությունները: Մեր պետության համար կարևոր է նաև համալսարանների՝ որպես գիտահետազոտական ու կրթական գերազանցության կենտրոնների զարգացումը, նշել է նա: Ավինյանը վստահություն է հայտնել, որ COBRAIN-ը ծառայելու է հենց այս նպատակին՝ նպաստելով ոչ միայն նեյրոգիտության, այլև Բժշկական համալսարանում հետազոտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը:
«Ողջունելի է, որ ծրագրի շրջանակներում համալսարանը կապեր է հաստատելու եվրոպական պետությունների առաջատար համալսարանների հետ՝ Հայաստան բերելով վերջիններիս հարուստ փորձն ու գիտելիքը: Լիահույս եմ, որ ծրագրի հաջողությունը կնպաստի նաև բժշկական գիտությունների ու պրակտիկ բժշկության զարգացմանը՝ ընդհուպ մինչև Հայաստան վերադարձնելով արտերկիր մեկնած մեր բժիշկներին»,- ասել է փոխվարչապետը: