ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Նախարարը շնորհավորել է Իվան Կուլեբային պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի պատմականորեն ամուր հիմքեր ունեցող հայ-ուկրաինական հարաբերությունների ավելի խորացմանը և զարգացմանը:
ԱԳ նախարարը և դեսպանը բարձր են գնահատել Ուկրաինայի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող տեղի հայ համայնքի դերը՝ որպես կամրջող օղակ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:
Երկուստեք ուղենշվել է հայ-ուկրաինական քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, այդ թվում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման միջոցով։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:
Կողմերը կարևորել են նաև համագործակցության խորհրդարանական հարթակը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերը կնպաստեն հայ-ուկրաինական միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը: