Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Հորիզոն 2020» «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» ծրագրի մեկնարկային գիտաժողովին: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.
«Գիտելիքը ուժ է: Հայտնի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնի այս պարզ, բայց առանցքային միտքը ուղղորդող կողմնացույցի դեր պետք է խաղա դեպի ապագան նայող և հաջողության ճանապարհով ընթացող յուրաքանչյուր երկրի համար: Ուժեղ, աշխարհում լսելի ձայն ունեցող և իր ժողովրդի բարեկեցությունը ու երջանկությունն ապահովող երկրի մենք կարող ենք հասնել միայն կրթության և գիտության անսահմանափակ ներուժը կյանքի կոչելով:
Հետևաբար ուրախ եմ ներկա լինել այստեղ և շնորհավորել բոլորիս, հատկապես Երևանի պետական բժշկական համալսարանին և ուսանողներին COBRAIN ծրագրի մեկնարկի առթիվ:
Կարևոր է, որ այսուհետ լավագույնս օգտագործենք Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրի ընձեռած մեծ հնարավորությունները: Մեր պետության համար կարևոր է նաև համալսարանների՝ որպես գիտահետազոտական ու կրթական գերազանցության կենտրոնների զարգացումը: Վստահ եմ, որ COBRAIN-ը ծառայելու է հենց այս նպատակին՝ նպաստելով ոչ միայն նեյրոգիտության, այլև Բժշկական համալսարանում հետազոտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը: Ողջունելի է, որ ծրագրի շրջանակներում համալսարանը կապեր է հաստատելու եվրոպական պետությունների առաջատար համալսարանների հետ՝ Հայաստան բերելով վերջիններիս հարուստ փորձն ու գիտելիքը: Լիահույս եմ, որ ծրագրի հաջողությունը կնպաստի նաև բժշկական գիտությունների ու պրակտիկ բժշկության զարգացմանը՝ ընդհուպ՝ Հայաստան վերադարձնելով արտերկիր մեկնած մեր բժիշկներին:
Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից մեկը որակյալ մարդկային կապիտալ ունենալն է, ինչը նախապայման է ներառական տնտեսական զարգացման համար: Համոզված եմ, որ ներդրումը մարդկային կապիտալի զարգացման մեջ, այն է՝ որակյալ կրթություն ու առողջապահական ծառայություններ, հանգեցնելու է մարդու կյանքի որակի էական բարելավմանը:
Մեզ համար բանաձևը շատ պարզ է. սահմանափակ ֆինանսական կապիտալի ու բնական ռեսուրսների պայմաններում մեր առաջընթացի շարժիչ ուժը հենց մարդկային ներուժն է: Սա է պատճառը, որ պարբերաբար շեշտում ենք գիտելիքահենք տնտեսություն ունենալու անհրաժեշտությունը և կարևորում գիտության, կրթության դերը տնտեսական ողջ էկոհամակարգում:
COBRAIN-ը թիրախավորում է հենց մարդկային կապիտալի զարգացումը իր բոլոր բաղադրիչներով: Նախևառաջ, դրա կարևոր բաղկացուցիչ է հետազոտելու կոմպետենցիաների զարգացումը, իսկ կատարվող հետազոտությունները նպաստելու են Հայաստանում նեյրոգիտության առաջխաղացմանը:
Ինչո՞ւ է սա կարևոր: Հայտնի փաստ է, որ ուղեղի հիվանդությունների մոտ 90%-ը դեռևս անբուժելի է: Ընդ որում՝ դրանք սպառնում են տարիքային բոլոր խմբերին: Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները բավականին տարածված են ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Ու խնդիրը ոչ միայն մարդու առողջության համար առկա սպառնալիքն է, այլև դրանց ազդեցությամբ առաջացած սոցիալ-տնտեսական բեռը ընտանիքների համար: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ուղեղի հետազոտությունները գերակայություն են համարվում, ուստի մեզ համար այս ծրագիրն ունի նաև ռազմավարական նշանակություն»: