Ազգային ժողովը 108 կողմ ձայնով ընդունեց Կառավարության ներկայացրած «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից երկրների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու արձանագրությունը վավերացնելու մասին» նախագիծը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և կից փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցն ընդունվեց միաձայն՝ 114 կողմ ձայներով:
Առաջին ընթերցմամբ ընդունվեցին նաև Կառավարության ներկայացրած «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթեները:
«Աֆրիկյան, եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը նույնպես ընդունվեց միաձայն՝ 115 կողմ ձայներով:
Ազգային ժողովը միակարծիք էր նաև Լենա Նազարյանի ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցում: 115 կողմ ձայներով որոշումն ընդունվեց:
Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելուն կողմ քվեարկեց 74, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու, քանի որ նախագիծը հաշվի չի առնում բիզնեսի առանձնահատկությունները և սրանով շրջիկ առևտուրը՝ որպես բիզնես, կա՛մ փակվելու է ընդհանրապես, կա՛մ դառնալու է մենաշնորհ:
Վաղարշակ Հակոբյանի ներկայացրած «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Համատիրության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կարատելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց 97 կողմ, 18 դեմ ձայներով:
116 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
115 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև Արտակ Մանուկյանի, Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
116 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց Սիսակ Գաբրիելյանի և Լիլիթ Մակունցի ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց միաձայն՝ 117 կողմ ձայնով: