ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը հանդիպել է Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների կապալառու իրանական Tunnel Sadd Ariana ընկերության և կամրջի կառուցման տեխնիկական վերահսկողության ծառայություններ մատուցող կորեական Soo-sung Engineering Co., Ltd կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Կապալառու կազմակերպությունը ներկայացրել է ծրագրի առաջընթացը, մասնավորապես՝ մանրամասներ կամրջի նախագծի վերաբերյալ: Քննարկվել են առաջիկա անելիքները և շինարարության նախապատրաստման հետ կապված հարցեր:
Նշենք‚ որ կապալառուն սահմանված պայմանագրային ժամկետում նոր կամրջի նախագիծը ներկայացրել է տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպությանը և երկու պատվիրատուներին՝ հայկական և վրացական կողմերին (նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է):
2019 թ. դեկտեմբերի վերջին ստացվել է տեխնիկական վերահսկող կազմակերպության հաստատումը։ Պատվիրատուների և արտագերատեսչական փորձաքննության դրական եզրակացությունները ստանալուց հետո նախագիծը կներկայացվի պետական համալիր փորձաքննության: Վերջինիս հաստատմանը կհաջորդեն շինարարական աշխատանքների նախապատրաստական միջոցառումները և շինարարության մեկնարկը:
Կապալառուի կողմից պատրաստվում են բնապահպանական փորձաքննության համապատասխան փաստաթղթեր, իրականացվում են հանրային լսումներ և սոցիալական ազդեցության գնահատման աշխատանքներ: