ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Գոհունակությամբ նշվել է ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության մեջ տեղ գտած դրույթների կատարման դրական ընթացքը, ընդգծվել էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման, ինչպես նաև զբոսաշրջության, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ, երկուստեք կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտությունը։
Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալին նույն օրն ընդունել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում արձանագրված նկատելի առաջընթացը՝ կարևորելով Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Այս համատեքստում դրական է գնահատվել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ և անմիջական համագործակցության մթնոլորտը։