Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հունվարի 24-ին ստորագրել է համագործակցության հուշագիր Ղազախստանի, Ղրղըզստանի և Բելառուսի հետ:
ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանր ՀՖՖ-ն ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը: Հյուրերի թվում էին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) գործադիր տնօրեն Սերգեյ Չեբանը և ՌՊԼ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ելենա Կոբակը, Ղազախստանի Պրեմիեր լիգայի նախագահ Օլժաս Աբրաևը, Բելառուսի Ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիայի մրցումների կազմակերպման բաժնի ղեկավար Իգոր Ցապլյուկը, Ղրղըզստանի Ֆուտբոլային լիգայի նախագահ Նուրբեկ Ատականովը և Ղրղըզստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դաստանբեկ Կոնոկբաևը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ֆուտբոլային տարբեր բնագավառներում (մարզչական կրթություն, մանկապատանեկան ֆուտբոլ, ֆուտզալ և կանանց ֆուտբոլ, երկրպագուների հետ տարվող աշխատանքներ և այլն) փոխհամագործակցության հեռանկարները: Առանձնակի ուշադրություն է դարձվել Պրոֆեսիոնալ լիգայի հետ կապված տարբեր մանրամասների քննարկմանը:
Այնուհետև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Ղազախստանի, Ղրզըզստանի և Բելառուսի ներկայացուցիչների հետ: ՌՊԼ գործադիր տնօրեն Սերգեյ Չեբանը հայտարարել է, որ իրենք ոչ մի առարկություն չունեն՝ կապված հուշագրի հետ, բայց ՌՊԼ նախագահ Սերգեյ Պրյադկինը ցանկություն է հայտնել անձամբ ստորագրել այն, հավանաբար, կողմերի միջև հաջորդ հանդիպման ընթացքում:
Չեբանը նաև հաստատել է, որ, անկախ հուշագրի ստորագրումից, հաշվի առնելով ՌԴ սպորտի նախարարի հրամանը, 2020 թ. հուլիսի 1-ից հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում «լեգեոներ» չեն համարվի: