Փետրվարի 10-ին Հայաստան կժամանի Նիդեռլանդների Թագավորության ձեռնարկությունների գործակալության փորձագիտական խումբը:
Դեռևս 2019 թ. սկզբին Կադաստրի կոմիտեն կապ էր հաստատել Նիդեռլանդների Թագավորության կադաստրի, հողերի հաշվառման և քարտեզագրման գործակալության հետ (Kadaster)՝ համատեղ ծրագիր իրականացնելու նպատակով, որի արդյունքում մշակվել և նիդեռլանդական կողմին էր ներկայացվել արխիվների թվայնացման թեմայով համատեղ ծրագրի նախագիծ: Գրեթե մեկ տարի տևած քննարկումների արդյունքում նախագիծը դրական եզրակացության է արժանացել Նիդեռլանդների Թագավորության ձեռնարկությունների գործակալության կողմից:
Սկզբնական փուլում հիմնական շեշտը դրված է մեթոդաբանության և թվայնացման ռազմավարության համատեղ ջանքերի իրականացման վրա:
Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին Եվրամիության՝ տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում եռօրյա այցով Հայաստանում էին փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենը: Եռօրյա այցի ընթացքում փորձագետները Կոմիտեի արխիվի մասնագետներին ներկայացրին իրենց հաջողված փորձը` թվայնացված արխիվների օգտագործման, պահպանման վերաբերյալ:
Նախագծի առաջին փուլի գործնական մեկնարկը նախատեսված է 2020 թ. փետրվարի 10-ին, երբ Նիդեռլանդներից կժամանի փորձագետների առաջին խումբը: Առաքելության ընթացքում կիրականացվի կարիքների գնահատում, փորձագետների կողմից կպատրաստվի համապատասխան ամփոփիչ զեկույց, որի հիման վրա որոշում կընդունվի նախագծի հետագա շարունակության նպատակահարմարության վերաբերյալ:
Նախատեսվում է նաև կոմիտեի մի շարք մասնագետների վերապատրաստումը Նիդեռլանդների Թագավորությունում: