ՍԴ նախագահի տանը նախատեսված խուզարկությունը դեռ չի սկսվել, քանի որ Հրայր Թովմասյանը չի ծանոթացել դատարանի որոշմանը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հ.Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ Քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է իրենց իրավունքների՝ ամբողջ ծավալով իրացմանը, մասնավորապես՝ հնարավորություն չի տրվում ծանոթանալ դատարանի որոշմանը:
«Հրայր Թովմասյանը հիմա տանն է: Մենք քննիչին միջնորդել ենք ստանալու դատարանի որոշման պատճենը, որպեսզի հնարավորություն ունենանք այն բողոքարկել»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ ինքն ընթերցել է դատարանի որոշումը, բայց պատճենն իրեն չի տրամադրվել, մինչդեռ դա նախատեսված է օրենքով:
Ա.Մակինյանի խոսքով՝ Հ.Թովմասյանի տան խուզարկությունն այն գործի շրջանակում է, որով նա ներգրավված է որպես մեղադրյալ:
Հիշեցնենք, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։