Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն անդրադարձել է հունվարի 13-ին համացանցում հայտնի դարձած սկանդալին, երբ պարզվեց, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, «քաղաքական նկատառումներից ելնելով», հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Երկու արտիստները պետք է միասին հանդես գային փետրվարի 7-ին Semper Opernball-ին:
«Էս դեպքը խայտառակություն է, քսենոֆոբիա է և անհանդուրժելի բան: Մանավանդ եվրոպական երկրում, մանավանդ մշակութային հարթակում: Մշակույթը և հատկապես դասական երաժշտությունը ուղղված են, որ այդ հարցերը լուծեն»,- ասել է Մանուկյանը:
Արթուր Մանուկյանը նաև նշել է, որ խնդիրը Ադրբեջանում մեթոդաբար տարվող դաստիարակությունն է: Իմքայլական պատգամավորը ուշացած չի համարել Ազգային ժողովի պատգամավորների հղած նամակը Գերմանիայի Բունդեսթագին:
«Գուցե թվա, թե ուշացած էր, բայց չեմ կարծում: Հնարավորինս սեղմ ժամկետում այդ նամակը պատրաստվեց: Ուղղակի պետք է շատ ավելի համոզված լինեինք, քանի որ նամակը գնալու էր Բունդեսթագ»,- ասել է Մանուկյանը: