Բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանն այսօր կդառնար 75 տարեկան: Օրվա առիթով նրա անցած քաղաքացիական և գրական ճանապարհը ևս մեկ անգամ արժևորել են ընկերներն ու գործընկերները:
Ծնվել է Կապանում, մեծացել 15-հոգանոց ընտանիքում։ Ըստ տոհմական ավանդազրույցի՝ մեծ պապը եղել է Դավիթ Բեկի ներկայացուցիչը Պարսկաստանում, ունեցել է սարդարի լիազորություն։ Այստեղից էլ ցեղի Թումանյան ազգանունը փոխվել, դարձել է Սարդարյան։
Վեց-յոթ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Երևան: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական մամուլում, հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում։
Նրա բանաստեղծությունները, թարգմանությունները և հոդվածները պարբերաբար լույս են տեսել գրական մամուլում։ Եղել է Գրողների ու Ժուռնալիստների միության անդամ։
Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում էր Ռոմիկ Սարդարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթը: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը հետաքրքիր հուշապատումով անդրադարձել է բանաստեղծի անցած քաղաքացիական և գրական յուրահատուկ ուղուն:
Գրականագետ, բանաստեղծ Արթուր Անդրանիկյանը, բանաստեղծուհի Գոհար Գալստյանը, բանաստեղծ Բագրատ Ալեքյանը, գրող Անահիտ Դանիելյանը, բանաստեղծ Վարուժան Խաստուրը բարձր են գնահատել Ռոմիկ Սարդարյանի գրական ժառանգության գեղարվեստական արժեքը, շեշտել նրա պոեզիային բնորոշ կոդերի արվեստը:
Անմահությունը պատիժ էր դաժան՝
Արդեն քսան դար
Գամված եմ հողին,
Եվ ահա, հիմա,
Շնորհապարտ եմ ես Արարողին.
Առագաստս բաց Ինձ վե՜ր է տանում։
(Գաղտնիք պիտ պարզեմ՝ այդ ի՞նչ են անում
Մեռյալներն այնտեղ, որ համառորեն չեն վերադառնում).
Գաղտնիք պարզելու
Պահ հրաշալի, Եզակի՜ պահ է –
Ես պիտի մեկնեմ։