Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի նիստը Դավիթ Իշխանյանի նախագահությամբ, որի ընթացքում խոսվել է Ավստրալիայի հետ բարեկամական կապերն ամրապնդելու ուղղությամբ այս տարվա անելիքների և վերջին շրջանում Ավստրալիային պատուհասած աղետների մասին:
Ամփոփելով նիստը՝ Դավիթ Իշխանյանը, շրջանակի անունից, Ավստրալիայի ազգային տոնի կապակցությամբ հրապարակել է «Ավստրալիա-Արցախ» բարեկամության շրջանակին ուղղված շնորհավորական նամակը, որում մասնավորապես ասվում է.
«Ձեզ ենք հղում մեր սրտագին շնորհավորանքները Ավստրալիայի ազգային տոնի կապակցությամբ:
Ավստրալիան և ավստրալացիները հպարտանալու բազում առիթներ ունեն. առաջին հերթին՝ ամուր ժողովրդավարությունը, ռասայական, կրոնական բազմազանությունը, յուրաքանչյուր քաղաքացուն ընձեռվող ազատությունները և նվիրվածությունն արդարությանը:
Արցախի ժողովուրդը Ավստրալիան միշտ համարել է այն օրինակելի երկիրը, որին կցանկանար ձգտել ժողովրդավարության ուղին բռնած յուրաքանչյուր երիտասարդ պետություն: 1991 թ. անկախության հռչակումից ի վեր մենք ջանք չենք խնայել մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու համար:
Ընդունեք նաև մեր խորին ցավակցությունը վերջին շրջանում Ավստրալիայում մոլեգնող կործանարար հրդեհների և մյուս բնական աղետների հետևանքով մարդկային զոհերի և նյութական վնասների համար: Վստահ եղեք, որ մենք մշտապես աղոթում ենք Աստծուն՝ խնդրելով նրա օգնությունն ու մխիթարությունը աղետներից տուժածներին»: