Աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ քննչական կոմիտեում՝ Երևանում գործող խոշոր առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող ընկերություններից կատարված գողությունների դեպքերի քննությունն առավել արդյունավետ կազմակերպելու, նախականխելու թեմայով:
Հանդիպմանը մասնակցել են Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշտոնատար անձինք: Ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը և «Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը ներկայացրել է Երևանում գործող «Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների սրահներից, նաև առևտրի կենտրոններից կատարված հափշտակությունների և փորձերի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննված քրեական գործերի ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն: Ուսումնասիրությունների և առևտրի կենտրոններ կատարված այցելությունների արդյունքում պարզվել է, որ, որպես կանոն, հանցագործները բռնվել են հանցագործության առարկաներին փակցված ահազանգման սարքերի միանալու դեպքում, երբ անվտանգության աշխատակիցներն ահազանգի կապակցությամբ մոտեցել են հանցագործին, և դեպքն արձանագրվել է կահավորված տեսահսկող սարքերի օգնությամբ, և ընդամենը 7 դեպքում է, որ անվտանգության աշխատակիցն է նկատել հափշտակություն կատարելու պահը և բռնել հանցագործին:
Երկու առևտրի կենտրոններում հափշտակություն կատարած և պատասխանատվության ենթարկված անձանցից 11-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մնացած 348-ի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, այսինքն՝ 96,9 %-ի դեպքում կալանավորում չի կիրառվել: Հափշտակություն կատարած 359 անձանցից 71-ը մարզերի, իսկ 288-ը՝ Երևանի տարբեր վարչական շրջանների ոստիկանության համապատասխան ստորաբաժանումերի կողմից սպասարկվող վարչական միավորների բնակիչներ են:
Առևտրի կենտրոններում կատարված հափշտակությունների հետևանքով տնտեսվարողներին պատճառվել է 22.600.000 դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 15.500.000 դրամը: Վնասի վերականգնման նպատակով մեղադրյալների գույքի վրա հիմնականում կալանք չի դրվել՝ այդպիսիք չլինելու պատճառով:
Հանդիպման ընթացքում որոշվել է, որ ոստիկանությունն ուսումնասիրություն իրականացնի, թե որքան ուժեր են անհրաժեշտ կենտրոնացնել առևտրի կենտրոններում՝ այնտեղ գողության դեպքերը կանխելու նպատակով: