Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած տիեզերական գործունեության և կից ներկայացված օրենքների մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ Հայաստանում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով:
«Տիեզերական հետազոտությունների և արդյունաբերության ոլորտի զարգացման, տնտեսապես շահավետ օգտագործման համար անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը: Նախագծով կարգավորվում է ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում է տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տիեզերական տարածություն հասկացությունները, սկզբունքները, նաև կառավարության և լիազոր մարմնի լիազորությունները»,- ասաց նախարար Արշակյանը: