Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2019 թվականի ընթացքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 202 դեպք, ինչը 2018 թվականի համեմատությամբ ավելի է 22%-ով (165 իրավախախտում 2018 թվականին): Դրանցից 146-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 56 դեպքով սկսվել է վարչական վարույթ:
Մաքսային իրավախախտումներից գերակշռում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը (142 դեպք կամ ընդհանուր խախտումների 70%-ը):
2019 թ. ընթացքում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել 11 կգ ափիոն, 8,2 կգ մեթամֆետամին, շուրջ 3 կգ կետամին, 1,3 կգ մարիխուանա և հաշիշ, հաշիշի յուղի պարունակությամբ էլեկտրոնային 74 սիգարետ և մուշտուկ, թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող 16.500 դեղահաբ և դեղապատիճ: 2018 թվականի համեմատ մոտ 2,5 անգամ ավելացել է առգրավված մեթամֆետամինի, 8 անգամ՝ մեթադոնի, 12 անգամ՝ հաշիշի ու մարիխուանայի և 17 անգամ՝ բուպրենորֆինի քանակը:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019 թվականին հայտնաբերել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 6 դեպք: Վարչության ուշադրության կենտրոնում է նաև աֆղանական հերոինի` Իրանից Եվրոպա փոխադրման այսպես կոչված «կովկասյան երթուղին»:
Իսկ հայկական շուկայի համար նախատեսված թմրամիջոցները և հոգեմետ նյութերը բացահայտվել են հիմնականում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումների, ինչպես նաև Իրանից՝ «Ագարակ» պետական սահմանի անցման կետով ներմուծումների ժամանակ:
2019 թվականին վարչությունը բացահայտել է հրազենի, ռազմամթերքի, ինչպես նաև կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության դեպքեր: Մասնավորապես` ԱՄՆ-ից ներմուծված տրանսպորտային միջոցի բեռնախցիկում հայտնաբերվել է մեկ ակոսափող հրացան 5 փամփուշտով, ԱՄՆ-ից ներմուծված ծանրոցում՝ ռազմամթերք հանդիսացող 20 փամփուշտ, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել է 100.000 ԱՄՆ դոլար չհայտարարագրված կանխիկ գումար:
2019 թվականի վիճակագրությունը փաստում է, որ մաքսային ծառայության կողմից հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դեպքերի գրեթե կեսը փոստային առաքումներով ներմուծված դեղամիջոցներ են, որոնց մեջ բավականին մեծ թիվ է կազմում ոչ հանցավոր նպատակներով դեղերի տեղափոխումը: Նման իրավիճակներից խուսափելու համար ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին` զերծ մնալ փոստային առաքումների միջոցով ցանկացած տեսակի դեղամիջոցներ ուղարկելուց կամ ստանալուց: