Չնայած իրաքյան առանձին խմբավորումներ երկրի նախագահ Բարհամ Սալեհին սպառնացել էին վտարել Բաղդադից, եթե նա որոշի հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Դավոսի տնտեսական համաժողովում այսօր բանակցություններ են տեղի ունեցել Իրաքի և ԱՄՆ-ի նախագահների միջև:
«Բանակցությունների ընթացքում խոսքն Իրաքում օտարերկրյա զորքերի թվաքանակի կրճատման և մեր ժողովրդի պահանջը, մեր ինքնիշխանությունը հարգելու կարևորության մասին է եղել»,- ըստ Rudaw-ի՝ ասված է Իրաքի առաջնորդի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրաքի խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց մի բանաձևի օգտին, որով պահանջվում էր երկրից դուրս բերել ամերիկյան զորքերը: Դավոսի տնտեսական համաժողովից առաջ, երբ պարզ դարձավ, որ նախատեսվում է Սալեհի ու Թրամփի հանդիպումը, իրանամետ «Ալ-Հաշդ ալ-Շաաբին», «Քաթայիբ Հըզբոլլահն» ու մեկ-երկու այլ կազմակերպություններ համատեղ հայտարարություն տարածեցին:
«Մենք նախագահից պահանջում ենք չհանդիպել ո՛չ Թրամփի, ո՛չ էլ նրան ուղեկցող մարդասպանների բանդայից որևէ մեկի հետ: Եթե դա տեղի ունենա, իրաքցիները դեմ կլինեն նրան, ով կանցնի մեր թափված արյան վրայով: Մենք նրան կասենք՝ Չե՛նք ցանկանում ձեզ նման մեկին տեսնել հպարտ ու ազնիվ Բաղդադում», - ասվում էր հայտարարության մեջ: