Կառավարությունը որոշեց փոփոխություններ կատարել 2019 թ. հունվարի 24-ի «Ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը, 2019 թ. ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահմանելու և 2019 թ. ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների հաստատելու մասին» N 50-Ն որոշման մեջ։
Նախագծով առաջարկվում է սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումների շրջանակում տալ ընթացիկ միջանկյալ լուծում, այն մոտեցմամբ, որ ապահովվի սահուն անցում դեպի ամբողջական համակարգային փոփոխությունները, որոնք արդեն իսկ սկսված են:
Հաշվի առնելով աղքատության դեռևս բարձր մակարդակը, եկամուտների բաշխվածության անհավասարության բացասական դինամիկան, գործող ծրագրի ազդեցությունը աղքատության (առավելապես ծայրահեղ) մակարդակի վրա (աղքատության մակարդակը 2.6 տոկոսային կետով ավելի բարձր, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1 տոկոսի փոխարեն 3.6 տոկոս, կլիներ ընտանեկան և սոցիալական նպաստների բացակայության պայմաններում) նախագծով առաջարկվում է պահպանել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված նպաստառու ընտանիքների թվաքանակը և նպաստի չափ, այդ թվում երեխաներին տրվող հավելումները, անփոփոխ: Այս նպատակին հասնելու համար առաջարկվում է 2020 թվականի համար ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը սահմանել 28.00:
Կատարված վերլուծությունների տվյալների համաձայն՝ նպաստի իրավունքը պահպանում են 11354 ընտանիք, նպաստառու են դառնում 962 նոր ընտանիքներ: Առաջարկված փոփոխության, ինչպես նաև 2019-ին իրականացված այլ փոփոխությունների՝ մասնավորապես սեզոնային աշխատանքի իրականացման պարագայում նպաստի համակարգից դուրս չմնալու, «Նպաստ+» ծրագրեր իրականացնելու հնարավորությունների պայմաններում կանխատեսվում է, որ տարվա ընթացքում ծրագրից օգտվող ընտանիքների թիվը կհասնի շուրջ՝ 98763-ի: