ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ նախարար Վարդինե Օհանյանի հետ: Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ զրույցի ընթացքում հաջողություն է մաղթել հայազգի նախարարին՝ վերոնշյալ ոլորտներում համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:
«Ի դեպ, Վարդինե Օհանյանը Լիբանանի ժամանակակից պատմության մեջ առաջին հայ կին նախարարն է․ նա առաջադրվել է ՀՅԴ-ի կողմից: Մինչ այս Վարդինե Օհանյանը զբաղեցնում էր «Զվարթնոց» հատուկ կարիքների կենտրոնի տնօրենի պաշտոնը։
Հավելեմ, որ այսօր հեռախոսազրույց եմ ունեցել նաև Լիբանանի սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Ռիչարդ Կույումջյանի հետ և շնորհակալություն հայտնել իր պաշտոնավարման ընթացքում հայ-լիբանանյան գործընկերության խթանման գործում ունեցած ներդրումի համար: Ավելի ուշ նախատեսում եմ կապ հաստատել նաև Լիբանանի զբոսաշրջության նախկին նախարար Ավետիս Կիտանյանի հետ»,- գրել է Հայրապետյանը: