Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետի հետ:
Նշելով, որ Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամությունն ունի լավ պատմություն, նախագահ Սարգսյանը միաժամանակ ասել է, որ երկու երկրների հարաբերություններն ապագայի շատ ավելի մեծ ներուժ ունեն: Նա նշել է, որ ակնկալում են առաջընթաց Հայաստանում Կանադայի դեսպանության բացման ուղղությամբ, ինչի շնորհիվ երկկողմ հարաբերությունները նոր խթան կստանան:
Զրուցակիցներն ընդգծել են Կանադայում իր ուրույն դերակատարությամբ և կազմակերպվածությամբ աչքի ընկնող հայկական համայնքի մեծ ներդրումն այդ երկրի հաջողության պատմության գործում՝ նշելով, որ այն երկու բարեկամ երկրները միմյանց կապող հուսալի կամուրջ է: Այդ համատեքստում նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ջերմ ու մարդասիրական վերաբերմունքը Սիրիայից Կանադա տեղափոխված մեր հայրենակիցների նկատմամբ:
Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում: Ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ բազմաբաղադրիչ այս ծրագրի նպատակն է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերություններ բերել Հայաստան, որտեղ նրանք կարող են զբաղվել արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով։ Նա նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս տեխնոլոգիական այլ գործընկերների, տեսնել նաև կանադական ընկերություններ:
Հայաստանի նախագահը Կանադայի նահանգապետին՝ նաև որպես տիեզերագնացության և տիեզերագիտության ոլորտի մասնագետ-գիտնականի հրավիրել է Հայաստան՝ իր մասնակցությունը բերելու STARMUS 6-րդ միջազգային փառատոնին, որի շրջանակում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, երաժիշտներ։ Փառատոնի նպատակը գիտության հանրաճանաչությունն է, երիտասարդ սերնդին ոգեշնչելն ու գիտությամբ զբաղվելը նրանց համար գրավիչ դարձնելը։