ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 23-ին՝ ժամը 22:15-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ բաց:
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Արագածոտնի մարզի Թալին-Ներքին Բազմաբերդ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Գյումրի և Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն: