Ասիական երկրներում կայծակնային արագությամբ տարածվում է մահացու նոր վարակը՝ կորոնավիրուսը: Որքա՞ն վտանգավոր է այս վարակը, որո՞նք են հիվանդության ախտանշաններն ու ինչպե՞ս պաշտպանվել, հատկապես, եթե դուք պետք է մեկնեք Չինաստան: Գերմանական Die Welt պարբերականն անդրադարձել է այս օրերին մոլորակի բնակչությանը մտահոգող մահացու համաճարակին:
Օդանավակայաններում ու երկաթուղային կայարաններում ստուգում են ուղևորների մարմնի ջերմաստիճանը, մարդիկ շրջում են դիմակներով: Փորձագետների շրջանում լուրջ մտավախություն կա, քանի որ դեռևս հայտնի չէ, թե որքա՛ն վտանգավոր է կենդանուց մարդուն փոխանցվող կորոնավիրուսը: Վերջերս հայտնի է դարձել, որ հիվանդությունը կարող է նաև մարդուց մարդ փոխանցվել:
Հիվանդությունը, հաստատված դեպքերում, ընթանում է նվազ սուր, քան SARS կամ MERS վարակների ախտահարման ժամանակ, որոնց կորոնավիրուսը գենետիկորեն մոտ է: Մինչև այժմ ախտով վարակվել են այն մարդիկ, որոնք քրոնիկական ծանր հիվանդություններ ունեն: Վարակվածների մեծ մասը ջերմում է, ոմանց մոտ շնչառության խնդիրներ են առաջացել: Վարակն աստիճանաբար վերածվում է թոքաբորբի:
Գերմանական պարբերականը գրում է, որ վարակն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անվանում է 2019-nCoV. խոսքը կորոնավիրուսի մասին է, որը մոտ է SARS կամ MERS վարակներին: SARS ատիպիկ թոքաբորբից 2003-ին մահացել է մոտ 780 մարդ, հիմնականում՝ Չինաստանում և Հոնկոնգում:
Եթե վարակը կենդանուց մարդուն է փոխանցվում, ապա լուրջ վտանգ է առաջանում, որ չկարողանալով լավ հարմարվել նոր վարակակրին, այն պատահմամբ փաստացի դառնում է մահացու վտանգավոր:
Մահացու վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է 2019-ի դեկտեմբերի վերջին: Իշխանությունները ենթադրում են, որ առաջին հիվանդը վարակվել է այսօր արդեն փակված ձկան շուկայում: Հունվարի 16-ից արդեն գործում է վարակը հայտնաբերելու թեստ, որը մշակել է գերմանական կլինիկան: Այն հարցին, թե կարո՞ղ է կորոնավիրուսը սպառնալ ամբողջ աշխարհին, գերմանական պարբերականը գրում է. «Վարակի հետագա տարածման որոշիչ գործոնը կարող է լինել այն, թե որքան հեշտ այն կսկսի փոխանցվել, ժամանակի ընթացքում մուտացիայի ենթարկվել և հարմարվել նոր տիրոջը»:
Չինաստանի հյուրերին խորհուրդ է տրվում խուսափել սուր վարակիչ հիվանդություններ ունեցող մարդկանց հետ սերտ շփումից, պարբերաբար լվանալ ձեռքերը, հնարավորինս շփման մեջ չմտնել կենդանի կամ սատկած ընտանի կամ վայրի կենդանիների հետ: