Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նշել է, որ 20 տարի շոու բիզնեսում է աշխատել ու շատ լավ կարողանում է տարբերել լավ ու վատ արված շոուն: Նստաշրջանի մեկնարկի օրը տեղի ունեցած միջադեպը Բադալյանը շոու չհամարեց, այլ բռնկում, որը սահուն կերպով հաջորդ օրերի ընթացքում շոուի վերածվեց:
«Քանի օր է՝ նստած մտածում եմ շոուի նպատակների մասին: ԱԺ նախագահին մեղադրում են ոչ կոռեկտության, ոչ կոմպետենտության, Ազգային ժողովը կառավարել չկարողանալու մեջ: Ինչո՞ւ, այս ի՞նչ է կաթիլ-կաթիլ կաթեցվում: ԱԺ լուծարման մասին էլ են այսօր ակնարկում ընդդիմությունից: Այդպիսի նպատակներ ունի նաև ՀՀԿ-ն: Ի՞նչ է սա նշանակում»,- ասել է Լուսինե Բադալյանը:
Ի պատասխան Գևորգ Գորգիսյանը նշել է, որ 7-րդ գումարման Ազգային ժողով մտնելիս որոշել են հանդես գալ որպես նորմալ կառուցողական ընդդիմություն: Սակայն Գորգիսյանը կարծում է, որ դա պետք չէ իշխանություններին, կառուցողական գործելակերպը հաճախ թուլության նշան է ընկալվել: Անդրադառնալով Բադալյանի ելույթին՝ Գորգիսյանը նշել է, որ պատգամավորը քաղաքական բառապաշարում պետք է զգույշ լինի:
«Քաղաքական ընդդիմության գործունեությունը շոու անվանելը մի բան է, որ պետք է պատասխան ստանա»,- ասել է Գորգիսյանը: