«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր Ազգային ժողովում նշել է, որ եթե կարծում են, որ հեղափոխական էյֆորիայից և բարձր լեգիտիմ ստացած ձայների գլխապտույտից կարող են մոտենալ ամբիոնին, գնահատական տալ ընդդիմությանը, նվաստացնել կամ վիրավորել, ապա որոշել, որ ընդդիմությունը պետք է խելոք նստած իր տեղում լսի և հանդուրժի, ուրեմն մոլորության մեջ են: «Բարի եղեք հարգանքով վերաբերվել ընդդիմությանը, գործառույթներին ու հետո նոր որոշեք՝ արդյոք ընդդիմությունը իրավունք ունե՞ր այդ ամբիոնից պաշտպանել իր ինքնասիրությունը, թե՞ ոչ: Պարո՛ն Միրզոյան, եթե մենք խոսում ենք հանրային օգտակար երևույթներից և նախաձեռնություններից, ապա առաջինը դա ուղղված է ձեր խմբակցությանը, որը հենց երեկ տապալեց հանրային օգտակարության արժեք ունեցող մեր նախաձեռնությունը»,- ասել է Սամսոնյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը արձագանքելով այս ելույթին՝ նշել է, որ խորհրդարանի մեծ մասն իր ելույթներում կարևորել է ԱԺ-ում տիրող մթնոլորտը, և անձնավորելը անընդունելի է բոլորի համար: «Ես առաջարկում եմ, որ առնվազն նրանք, որոնք խոսեցին, հետևեն այդ կանոններին, և մենք միանշանակ բովանդակային դաշտից չտեղափոխենք անձնական և հետո դժգոհություններ չհնչեցնենք, որ այդ անձնական թիրախավորումներին հնչում են պատասխան թիրախավորումներ: Ես խնդրում եմ, որ յուրաքանչյուրս պատասխանատվություն կրենք, հատկապես ովքեր խմբակցության ղեկավարներ են, նպաստենք նրան, որ մթնոլորտը ԱԺ-ում լինի բացառապես աշխատանքային»,- նշել է Մակունցը: